Jump to content

Ֆլորենս Օստրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորենս Օստրել
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1892(1892-04-26)[1][2] կամ 1894[3]
ԾննդավայրՄելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[2]
Մահացել էմայիսի 15, 1968(1968-05-15)[1][2][3]
Մահվան վայրՆյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2]
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունօպերային երգչուհի

Ֆլորենս Օստրել (անգլ.՝ Florence Austral, ապրիլի 26, 1892(1892-04-26)[1][2] կամ 1894[3], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[2] - մայիսի 15, 1968(1968-05-15)[1][2][3], Նյուքասլ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա[2]), ավստրալիացի օպերային սոպրանո, որը հանրածանոթ է դարձել վագներյան ամենապահանջված կանացի դերակատարումներով, թեև երբեք հնարավորություն չի ունեցել մասնակցելու Բայրոյթյան փառատոններին ու հանդես գալ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում։

Օստրել ազգանունն ընդունել է 1921 թվականին՝ ի պատիվ իր հայրենիք Ավստրալիայի[4]։ Քչերն են կարողացել մրցակցել նրա ձայնի որակի մաքրության հետ, մինչև Կիրսթեն Ֆլագսթադի հայտնվելը։ Դերակատարումը նրա ուժեղ կողմը չէր․ ամեն ինչին հասնում էր ձայնի միջոցով, որի շնորհիվ նրա ձայնագրությունները մեծ ժողովրդականություն էին վայելում։ Օստրելը, Ժերմեն Լյուբինը և Ֆրիդա Լյայդերը համարվել են իրենց ժամանակի վագներյան դրամատիկ ամենամեծ սոպրանոները, ինչպես նաև Ֆլագսթադը, որը մինչև 1930-ական թվականները միջազգային ճանաչում չի ունեցել։ (Հետպատերազմյան վագներյան բոլոր սոպրանոներից միայն Բիրգիտ Նիլսոնը և Աստրիդ Վարնայն են եղել նրանց բարձրակարգ խմբում)։

Ֆլորենս Մարի Ուիլսոնը ծնվել է 1892 թվականի ապրիլի 26-ին Ավստրալիայի մայրաքաղաք Մելբուռնի Ռիչմոնդ արվարձանում[5][6]։ Շվեդ արհեստավոր Վիլհելմ Լինդհոլմի (որը փոխել էր անունն ու դարձել Ուիլյամ Ուիլսոն) ու դերձակուհի Էլենա Մարիի դուստրն էր։ Հայրը մահացել է 1895 թվականին, 1903 թվականին Ֆլորենսի մայրը նորից է ամուսնացել, այս անգամ 28-ամյա սիրիացի հաշվապահ Ջոն Ֆավազի հետ, և Ֆլորենսը ստացել է Ֆլորենս Ֆավազ անունը[5]։

Օստրելին բացահայտել է Մելբուռնի Մեթոդական եկեղեցու երգչախմբի ղեկավար պատվելի Էդվարդ Սագդենը։ 1914 թվականին Բալարատ քաղաքում տեղի ունեցած երգեցողության մրցույթում առաջին տեղն է գրավել սոպրանո և մեցցո-սոպրանո անվանակարգերում ու ստացել կրթաթոշակ, որը նրան հնարավորություն է տվել ուսումը շարունակել Էլիզ Վայդերմանի մոտ։ 1919 թվականին մեկնել է Նյու Յորք Գաբրիել Սիբելայից դասեր առնելու։ Նրա ձայնից տպավորվում էին կարևոր ունկնդիրներ, և նրան պայմանագիր է առաջարկվել երգելու Մետրոպոլիտեն օպերայում, սակայն նա մերժել է առաջարկը, որպեսզի բեմական փորձառություն ձեռք բերի Անգլիայում․ Նյու Յորքում երգելու հնարավորություն այլևս չի ունեցել։

Ժամանել է Լոնդոն, որտեղ նրան ընդառաջել է այն ժամանակվա առաջատար բաս Ռոբերտ Ռադֆորդը։ Կովենտ գարդեն արքունական թատրոնում դեբյուտը կատարել է Վագների «Վալկիրիա» օպերայից Բրունհիլդայի դերերգով 1922 թվականի մայիսի 16-ին։ Հանդես է եկել Ֆրիդա Լյայդերի հետ, որն ավելի մեծ գնահատանքի էր արժանանում դերասանական բարձրակարգ հմտությունների շնորհիվ։ Կովենտ գարդենում կատարած նրա դերերից էին նաև Իզոլդան ու Աիդան՝ Վերդիի համանուն օպերայից։

1923 թվականին հանդես է եկել Նելլի Մելբայի հետ, որը նրան անվանել է «աշխարհի սքանչելի ձայներից մեկը»՝ գովաբանելով նրա տոնայնության մաքրությունն ու բարձր նոտաների փայլատակող ուժգնությունը։ Դժբախտաբար իր կարիերայի ընթացքում 1920-ական թվականներին ավելի շատ պայմանագրեր է կնքել Բրիտանական ազգային օպերային ընկերության հետ, քան թե Կովենտ գարդենի, որը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով ու դիրիժոր Բրունո Վալտերի հանդեպ հակակրանքով։

1920-ական թվականների կեսերին HMV ձայնագրման ընկերության հետ կատարել է ավելի քան 100 ձայնագրություններից առաջինը, որոնք մինչ օրս բարձր են գնահատվում երաժշտասերների և կոլեկցիոներների կողմից։

1925 թվականին դարձել է ավստրալիացի ֆլեյտահար Ջոն Ամադիոյի երկրորդ կինը և միասին շրջագայել են Ամերիկայում, Եվրոպայում ու Ավստրալիայում։ Հաճախ է հանդես եկել Ֆիլադելֆիայի օպերային թատրոններում, սակայն երբեք չի մասնակցել Բայրոյթյան փառատոնների կամ երգել Վիեննայի պետական օպերայում։

1930 թվականին դարձել է Բեռլինի պետական օպերայի առաջատար կատարողներից մեկը։ Նույն տարվա մեջ հենց այդտեղ է առառջին անգամ զգացել ցրված սկլերոզի առաջին նշանները, որոնք արտահայտվել են բեմի վրա «Վալկիրիայի» ներկայացման ժամանակ։ Օպերային կարիերան այս թուլացնող հիվանդության զարգացման պատճառով մեծ վնաս է կրել, սակայն նա դեռ կարողանում էր իրեն նվիրել համերգներին ու մենահամերգներին։ Այս ընթացքում օպերաներում հանդես է եկել միայն հայրենի Ավստրալիայում, որտեղ երգել է «Մարգարիտ որոնողները» օպերայի պրեմիերայի ժամանակ։

1939 թվականին վերադարձել է Բեռլին և Երկրորդ համաշխարհային պատերազմի վաղ շրջանում հանդես եկել բարեգործական համերգներով։ 1940 թվականին հիվանդության պատճառով հրաժարվել է բեմից և 1946 թվականին վերադարձել Ավստրալիա։ Ունեցվածքի մեծ մասը ոչնչացվել էր հրդեհի ժամանակ։ Ձայնագրություններից ստացվող հոնորարները նույնպես նվազել էին, և եկամտի կարիք ունենալով՝ սկսել է երգեցողություն դասվանդել Նյուքասլի կոնսերվատորիայում 1954 թվականից մինչև 1959 թվականին հանգստի անցնելը։

Հանգստի անցնելուց հետո հարցազրույցներ է տվել մի քանի լրագրերի։ Վախճանվել է ցերբերովասկուլյար (գլխուղեղային անոթների) հիվանդությունից 1968 թվականի մայիսի 15-ին Նյուքասլ քաղաքի Մեյֆիլդ արվարձանում գտնվող տարեցների համար նախատեսված եկեղեցական տանը[5]։ Համարվում է ավստրալիական ծագմամբ լավագույն դրամատիկ սոպրանոն, որը հաստատում են նրա՝ արդեն CD տարբերակով առկա ձայնագրությունները։

Թվում է, թե Հռենոսի ջրերը հոսում են բարձունքից, բայց դրանից վեր է սավառնում Ֆլորենս Օստրելի հաղթական ձայնը Բրունհիլդայի դերում։ Նրա երգեցողությունն իրավամբ կարելի է թագուհուն վայել համարել։ Անգամ Ֆրիդա Լյայդերի փառահեղ երգեցողության ձայնագրությունները լսելուց հետո ես Օստրելի հաղթական ձայնը լսում մտքիդ մեջ։
Նևիլ Կարդուս, Մանչեսթեր Գարդիան, 1928։
«Քսանականների սկզբին Ֆլորենս Օստրելն իր ձայնի գեղեցկության, ուժգնության ու դիապազոնի շնորհիվ մեր ձայնագրած ամենակարևոր երաժիշտներից մեկն էր։»
Ֆրեդ Գայզբերգ, HMV (հետագայում՝ EMI) ձայնագրման ստուդիա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elphinstone, Michael and Wayne Hancock, When Austral Sang: the Biography of Florence Austral, Hyde Park Press, Richmond, South Australia, 2005, 655pp. 0-646-44033-0
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Riemann Musiklexikon (գերմ.) / Hrsg.: W. Gurlitt, H. H. Eggebrecht, C. DahlhausMz: B. Schott's Söhne, 1959. — Vol. 12.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 25. — ISBN 978-1-85743-228-2
  4. As was the case with Elsie Mary Fischer, who took the name Elsa Stralia [1]; also, Helen Porter Mitchell took the name Nellie Melba (after Melbourne), and June Mary Gough took the name June Bronhill (after Broken Hill).
  5. 5,0 5,1 5,2 Կաղապար:Cite AuDB
  6. «Austral, Florence (1892–1968), singer | Oxford Dictionary of National Biography». www.oxforddnb.com (անգլերեն). doi:10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-111770. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]